BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Եվրոպայի առաջնության հայաստանյան առաջնությունը

Եվրոպայի առաջնության հայաստանյան առաջնությունը
19.04.2016 | 10:27

Նորվեգական Ֆորդե քաղաքում ավարտվեցին ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների տղամարդկանց ու կանանց առաջնությունները: Գերազանց մրցելույթ ունեցան մեր պատվիրակները՝ ընդհանուր հաշվարկով տիրանալով ութ ոսկե, յոթ արծաթե, երեք բրոնզե մեդալի, տալով երկամարտի երեք չեմպիոն, երկու փոխչեմպիոն, մեկ բրոնզե մեդալակիր: Թիմային հաշվարկով կանանց ընտրանին առաջինն է, տղամարդկանցը՝ երկրորդը: Մեր մարզիկների մրցելույթը հիացքի է արժանի ու, հայտնի դեպքերի հետ կապված, հատկապես այս օրերին առավել քան ոգեպնդիչ է:

Ֆորդեից առաջին ուրախալի լուրը եկավ 69 կիլոգրամայինների մրցավեճում հրում վարժությունում Վանիկ Ավետիսյանի նվաճած բրոնզե մեդալի տեսքով՝ 175 կիլոգրամ: Մեր փորձառու մարզիկը հարկավ կարող էր ավելին անել (արծաթը զիջել է անձնական քաշով), եթե չվրիպեր վարժության երկու հաջորդ մոտեցումներում, սակայն այդ օրը ճակատագրով նրան երևի այդ էր նախասահմանված (երկամարտի արդյունքը՝ 312 կգ, 5-րդ տեղ): Բոլոր դեպքերում, շնորհակալություն Վանիկին սկիզբը դնելու համար:
77 կիլոգրամայինների մրցավեճում մարզասերը սկզբունքորեն տագնապելու ոչինչ չուներ: Այստեղ հարցն այսպես էր դրված՝ կամ երիտասարդ Անդրանիկ Կարապետյանն է տիրանալու եվրոպական ոսկուն, կամ փորձառու Տիգրան Մարտիրոսյանը: Երկամարտի 367 (170+197) կիլոգրամով հաղթեց Անդրանիկը՝ բերելով երեք ոսկե մեդալ: Երկրորդը, նույնքան արծաթե պարգևներով, Տիգրանն էր՝ 352 (160+192) կիլոգրամ: Իհարկե, Անդրանիկի հաղթանակը կրկնակի տպավորիչ կլիներ, եթե պոկում վարժությունում եվրոպական ռեկորդին (174 կգ) նրա երրորդ մոտեցումը պսակվեր հաջողությամբ, սակայն հաշվենք թե մեր ոսկե տղան ցանկալին իրականություն դարձնելը մի փոքր հետաձգեց, թողնելով այն, ասենք, Ռիոյի օլիմպիադային:
Մեդալային, այն էլ շատ ավելի բարձր հարգի, ակնկալիք մարզասերն ուներ և 105 կիլոգրամայինների մրցավեճին մասնակցած Սիմոն Մարտիրոսյանից, սակայն մեր տասնիննամյա ծանրորդը, ով բառիս բուն իմաստով ֆուրոր է արել թե՛ պատանեկան, թե՛ երիտասարդական բոլոր հնարավոր առաջնություններում, արդեն որերորդ անգամ ամենավճռական պահին ընկրկում է մեծահասակների առաջնություններում:
Բոլոր դեպքերում, ես հակված եմ կարծելու, որ այստեղ խնդիրը ոչ այնքան մարզիկի ֆիզիկական, որքան հոգեբանական պատրաստվածությունն է: Ի դեպ, հավաքականում հոգեբան ունենալու մասին մենք բազմիցս ենք բարձրաձայնել, բայց դե, մենք ասում, մենք էլ լսում ենք: Կտեսնեք՝ այս փառահեղ հաղթանակի ֆոնին հիմնախնդիրն էլի անլսելի կմնա, ինչպես անլսելի կմնա այն, որ ողջ առաջնության ընթացքում ոչ ոք այդպես էլ չնկատեց, որ Հայաստանի դրոշը սխալ էր կախված: Լավ, փառք տանք Աստծուն, որ գոնե հիմնը ճիշտ է հնչել, ու անցնենք առաջ:
Սիմոն Մարտիրոսյանը մեր հավաքականին բերել է երկամարտի (402 կգ) բրոնզե և պոկում վարժության (182 կգ) արծաթե մեդալը: Նկատենք ու ցավով նկատենք, որ երկամարտում մեր մարզիկը մրցակիցներին զիջել է մեկ կիլոգրամով, իսկ պոկում վարժության արծաթը ոսկե չեղավ անձնական ավելի ծանր քաշի պատճառով:
Գերծանրքաշայինների մրցավեճում հաճելիորեն, բայց և միանգամայն սպասված, ուրախացրեց Գոռ Մինասյանը: Գյումրեցի տաղանդավոր այս մարզիկը երկամարտում երկրորդն էր 442 կիլոգրամ արդյունքով, երկրորդն էր նաև հրում վարժությունում՝ 205 կիլոգրամ: Նկատենք, որ պաշտոնական մրցելույթներում այս երկու արդյունքն էլ առաջին անգամ է սանձահարում մեր մարզիկը: Ի դեպ, Ֆորդեում Գոռն առաջ անցավ էստոնացի Մարտ Սեյմից, ով հյուստոնյան աշխարհի վերջին առաջնությունում վերջին պահին կարողացել էր շրջանցել մեր հսկային՝ նրանից պոկելով երկամարտի մեծ բրոնզե մեդալը: Մի փոքր առաջ անցնելով նշենք, որ այդ բրոնզը դեռևս կարող է Գոռինը լինել, որովհետև առաջին տեղը ֆանտաստիկ արդյունքով գրաված ռուս Լովչևը կասկածվում է խթանիչներ օգտագործած լինելու մեջ, և WADA-ն օրերս կկայացնի իր վճիռը:
Ինչ խոսք, որ Եվրոպայի առաջնությանը մեր մասնակցությունը շատ ավելի ծանրակշիռ կդարձնեին Սմբատ Մարգարյանն (56 կգ) ու գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, սակայն նախապատրաստական փուլում ստացած վնասվածքները մեզ զրկեցին այս երկու զորեղ ուժից: Հուսանք, որ նրանք արագ կվերականգնվեն ու կվերադառնան մարտական շարք:
Վերը ներկայացված ծանրորդները երկրին մեդալ բերած տղաներն են, սակայն միայն նրանք չեն, որ մասնակցել են առաջնությանը: 69 կիլոգրամ քաշային կարգում Վանիկ Ավետիսյանն ունեցել է Ռոստամ Կարապետյան զուգընկեր, ում 293 կգ (133+160) արդյունքն ու համեստ տասնմեկերորդ տեղը բացատրվում են միայն վերջին պահին հավաքականին միանալով: Ի դեմս համապատասխանաբար 6-րդ ու 13-րդ տեղերը զբաղեցրած Աղասի Աղասյանի (346=153+193) ու Առաքել Միրզոյանի (332=151+181), երկու ներկայացուցիչ ենք ունեցել և 85 կիլոգրամ քաշայինների մրցավեճում: Ի դեպ, վերջինս հավաքականին է միացել նույնպես վերջին պահին:
Տղամարդկանց Հայաստանի հավաքականի մասին խոսելով՝ եկեք, այնուամենայնիվ, չմոռանանք նախկին գյումրեցի (թեպետ գյումրեցու նախկի՞նը որն է), Ավստրիայի ընտրանու կազմում հանդես եկած 105 կգ քաշային Սարգիս Մարտիրոսյանին, ով պոկում վարժությունում այդ երկրին բերեց բրոնզե մեդալ (181 կգ)։ Չմոռանանք, որ ավելի քան երեսուն տարի այդ երկիրը նման հաջողություն չէր ունեցել ծանրամարտի հարթակում:
Կանանց մրցավեճում կրկին հիացրին մեր երկու անվանիները՝ 69 կգ քաշային Նազիկ Ավդալյանն ու Հռիփսմե Խուրշուդյանը (+75 կգ), ովքեր արդեն մեկ տասնամյակ հայկական ծանրամարտի անփոփոխ դրոշակակիրներն են: Երկուսի մրցելույթն էլ արժանի է հիացքի, երկուսն էլ Նորվեգիայում հնչեցրել են հայոց հիմնը ու վեր խոյացրել մեր նվիրական եռագույնը:
Չնեղացնելով երկրին երեք ոսկե մեդալ բերած Հռիփսիմե Խուրշուդյանին (250=113+137)՝ այնուամենայնիվ ասենք, որ կատարյալ մարզական սխրանք գործեց Նազիկ Ավդալյանը (237=105+132), քանզի տարիներ առաջ եղած սարսափելի ավտովթարից հետո նա կարողացավ վերադառնալ մրցահարթակ ու այն էլ ինչպե՜ս վերադառնալ: ՈՒ ոչի՜նչ, որ նրա մեդալներից մեկը (պոկում վարժությունում) արծաթազօծ էր: Կարծում եք՝ այդ միայն մե՞նք էինք ապշած նրա մրցելույթից: Հապա մտովի մի պահ հետ գնացեք ու ձեր հիշողության մեջ վերականգնեք նրա հիմնական մրցակցի՝ բելառուս մարզուհու զարմանքից քարացած հայացքը, որը լոկ մի բան էր նշանակում՝ անհնա՜ր է:
Անհնարինը, իհարկե, անհնար է, սակայն անհնար է ո՞ւմ համար, Նազիկի՞, ով սարսափելի ծանր վնասվածքից հետո արդեն իսկ հրաշք է գործել մրցահարթակ վերադառնալով։ Նազիկի՞, ում ազգի կարծրեղեն տեսակն օրեր առաջ դավադիր թշնամու դեմն առավ ու շարունակում է առնել Արցախյան ճակատում՝ կոստյումավորներից, տռուզ երեսավորներից ու փափուկ նստուկավորներից պահանջելով բուշլատավորների իրենց հաղթանակը, թափած արյունը վաճառքի չհանել:
Անհամարժեք բան չեմ ասում: Իմացեք՝ այս օրերին նորվեգական Ֆորդեն էլ էր հայերիս համար ռազմի դաշտ ու առաջնագծում գտնվող մեր մարզիկ-մարզուհիները Նազիկի օրինակով երկրորդեցին ու երրորդեցին, երրորդեցին ու չորրորդեցին, որ իրենց հաղթանակը Արցախյան ճակատում նահատակվածների հիշատակին է ձոնվում, Արցախյան ճակատում կանգնածներին է ընծայվում:


Հիմա խե՞նթ ենք, խելա՞ռ ենք, արդարության գաղափարի մոլորյալ նվիրյա՞լ ենք, թե՞ նույնքան մոլորյալ չհասկացող՝ էս ենք, մեր տեսակով էս ենք աշխարհի համար ու աշխարհի կոկորդին՝ լինի մարտադաշտ, թե մրցահարթակ, ու եթե, Աստված մի արասցե, այս պարզ ճշմարտությունը չհասկանան, սրբելով քշել-տանելու ենք բոլորին ու մեր դեմ, հաստատ եմ ասում, իսկապես խաղ չի լինի: Չմղե՜ն մեզ ծայրահեղ քայլերի: Թե չէ կբռնենք-կանջատենք Երևան (եթե կամակատարների թանձրուկներ լինեն), Մոսկվա, Վաշինգտոն, աշխարհի ես ինչ իմանամ էլ ինչ գրողի ծոց ձգվող հեռախոսներն ու մեր սուրբ հողի վրա մեր խաղաղ ապրելու իրավունքը սրբած սրի պես հանուրին կանենք ի տես: Խարդավանքների սիրահարների ու դավադիրների համար մենք ավել արյուն թափելու անխոհեմություն չունենք. առանց այն էլ այս հողի յուրաքանչյուր թիզ առատորեն ներկված է մեր արյունով:
Կանանց հայոց ընտրանին Նորվեգիայում հիշատակման արժանի այլ ելույթներ էլ ունեցավ, ու եկեք դրանք չչափենք միայն մեդալներով: Սոնա Պողոսյանը (75 կգ) չորրորդն էր (227=102+125), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ)՝ հինգերորդը (207=93+114), Արփինե Դալալյանը (+75 կգ)՝ վեցերորդը (213=93+120), Աննա Գովելյանը (53 կգ)՝ իններորդը (174=78+96), 58 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը, ով պարզապես պարտավոր էր մեդալով վերադառնալ, տասներորդը (190=85+105):
Ավարտենք: Հինգ ոսկե ու մեկ արծաթե մեդալով, հավաքած 449 միավորով կանանց Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում Եվրոպայում առաջինն է: Տղամարդկանց ընտրանու ցուցանիշը փոքր-ինչ համեստ է: 503 միավորով ու շահած երեք ոսկե, վեց արծաթե, երեք բրոնզե մեդալով թիմային հաշվարկով այն երկրորդն է: Իսկ եթե հանրագումարված վերցնենք մեր ընտրանիների ցուցանիշը, աշխարհամասում այն առաջինն է ութ ոսկե, յոթ արծաթե, երեք բրոնզե մեդալով: Նկատենք, որ մեր մեդալակիրների մեջ չկա ոչ մի «նայոմնիկ», ինչպես հարևան Ադրբեջանի պարագայում է, որի ունեցած երեք ոսկին էլ բուլղարացի Բոյանկա Կուստովայի քրտինքի հաշվին է:
Նյութը վերջնականապես ավարտելուց առաջ չեմ կարող չհիշել հարազատ գյումրեցիներիս: Չէ, չէ, խոսքը Հայաստանի ընտրանու կազմում ներդրում ունեցած Նազիկ Ավդալյանի, Տիգրան Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի մասին չէ:
Հարկավ կհիշեք 1988-ի չարաղետ երկրաշարժը, այդ անտանելի վշտի մեջ նրանց սրախոսությունները: Դրանք չհիշատակեմ, թե չէ ամբողջ թերթն էլ եթե տրամադրեն, մեկ է, քչություն է անելու: Ասելիքս ավելի մոտ ժամանակներին է վերաբերում, ավելի կոնկրետ՝ Արցախյան այս վերջին քառօրյա պատերազմին ու, արդյունքներով դրան սերտորեն շաղկապված, Եվրոպայի այս առաջնությանը:
Պատերազմի օրերին գյումրեցու տղան տեսնում է, որ հայրն էլ է մարտադաշտում: Ասում է. «Այ հեր, էս դու էլ ես եկե՞լ»: «Բա չէ, - պատասխանում է հայրը, -դուխով գիտես թե մորդ ես քաշե՞լ»:
Առաջնության վերջին օրը, պատմում է գյումրեցին, երբ հնչում է Վրաստանի օրհներգը, մինչ այդ Հայաստանի օրհներգին վարժված նորվեգացիները զարմացած արձագանքում են՝ իյա՜, մուզիկեն էս ո՞վ փոխեց:
Ոչինչ, ժողովուրդ ջան, մի փոքր էլ համբերեք, մուզիկեն սկզբից էլ, վերջից էլ նույնը կլինի՝ «Մեր հայրենիքը»:
Թե՛ մրցահարթակներում, թե՛ ռազմի դաշտերում:
Էսքան բան:
Դուխով՝ մինչև վերջ:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1142

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ